Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն արձագանքել է թիմակից, եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի ծանր վնասվածքին։ Բրազիլացին Լա Լիգայի 24-րդ տուրի «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում (0:1) պատռել էր աջ ոտքի խաչաձև կապաններն ու մենիսկը։
«Մենք բոլորս քեզ հետ ենք, եղբա՛յր։ Դու կվերադառնաս ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է Բելինգհեմը սոցիալական ցանցի իր էջում։
«Արքայական ակումբը» Ռոդրիգոյի վնասվածքի մասին պաշտոնապես հայտարարեց երեքշաբթի՝ մարտի 3-ին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ բրազիլացի հարձակվողի վերականգնողական փուլը կտևի մոտ 10 ամիս։ Սա նշանակում է, որ նա ստիպված կլինի բաց թողնել նաև ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 60 մլն եվրո։
























































