Ամերիկացի մարտիկ Ջորջիո Պուլասն անդրադարձել է RAF 6 ըմբշամարտի մրցաշարում UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի հետ գոտեմարտից հետո բռնկված զանգվածային ծեծկռտուքին։
Ի տարբերություն Ծառուկյանի կարճ գրառման, Պուլասն ավելի խոսուն է գտնվել՝ տեսանյութ հրապարակելով անմիջապես շտապօգնության մեքենայից։
Կադրերում ամերիկացին վզի ֆիքսատորով է։ Նա կատարվածի ողջ մեղքը բարդել է մրցակցի վրա՝ պնդելով, որ իր վրա հարձակում է եղել։
«Ուզում եմ դիմել իմ բոլոր երկրպագուներին ու շնորհակալություն հայտնել ձեզ։ Հուսով եմ՝ բավականություն ստացաք այսօրվա գոտեմարտից։ Ցավոք, ինձ վրա հարձակվեցին, բայց, ինչպես տեսաք, 62-ամյա հայրս և երկու եղբայրներս օգնության հասան ինձ։ Մեզ այդպես են դաստիարակել՝ միշտ կանգնել միմյանց թիկունքի, անկախ ամեն ինչից»,- նշել է Պուլասը։
Խոսելով անմիջապես ծեծկռտուքի դրվագի մասին՝ ամերիկացի մարզիկը հավելել է.
«Մենք փոքրամասնություն էինք՝ կռվում էինք մոտ տասներկու հայերի դեմ, բայց հայրս ու եղբայրներս վազեցին օկտագոն ու կռվեցին ինձ հետ, կռվեցին ինձ համար։ Սա է իսկական սերը։ Ի դեպ, եթե դիտել եք գոտեմարտը, ես միակն եմ, ով թեյքդաուն իրականացրեց։ Նա միայն գորգի սահմաններից դուրս հրումներ ուներ և մի քանի տուգանային միավոր։ Այնպես որ, միևնույն է՝ ես եմ չեմպիոնը»։
Հավելենք, որ մրցաշարի ավարտից հետո լիգայի ղեկավարությունը խոստացել է մանրամասն ուսումնասիրել միջադեպը և անհրաժեշտության դեպքում համապատասխան կարգապահական տույժեր կիրառել մասնակիցների նկատմամբ։




























































