Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (0:1) իր հեռացումը։
«Ես չէի բողոքում Վինիսիուսի երկրորդ դեղին քարտի պատճառով… Ոչ։ Ինձ խաղադաշտից հեռացրեցին պարզ ճշմարտության համար։ Մրցավարն ուներ «Ռեալի» այն խաղացողների ցուցակը, որոնց հակացուցված էր ևս մեկ դեղին քարտ ստանալը, քանի որ դա կհանգեցներ հաջորդ խաղի բացթողմանը։
Փորձից գիտեմ, թե կոնկրետ ով է ռիսկի դիմում՝ կազմից դուրս մնալու առումով։ Կանոնները բոլորին հայտնի են։ «Ռեալն» արժանի հաղթանակ տարավ։ Ես թիմի կողքին չեմ լինի հաջորդ հանդիպմանը, զրկված եմ հանդերձարան մտնելու և խաղացողների հետ շփվելու իրավունքից, բայց իմ գործընկերները հիանալի կերպով կգլուխ կհանեն»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ հանդիպման 85-րդ րոպեին «Ռեալի» վինգեր Վինիսիուսը հարվածել էր տանտերերի կիսապաշտպան Ռիչարդ Ռիոսի ոտքին։ Հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն անտեսել էր դրվագը, թեև բրազիլացին արդեն զգուշացված էր գոլը յուրօրինակ ձևով տոնելու և մրցակցի պաշտպան Ջանլուկա Պրեստիանիի հետ բախման համար։
Մոուրինյուն մոտեցել էր մրցավարի օգնականին և դժգոհություն հայտնել այդ որոշման վերաբերյալ՝ խոսքերն ուղեկցելով ակտիվ ժեստերով։ Դրա համար նա ստացել էր առաջին դեղին քարտը։ Գլխավոր մրցավարի հետ զրույցից հետո մասնագետն անմիջապես տեսել էր երկրորդ դեղինը, ինչը հանգեցրել էր հեռացման։
























































