«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հայտարարել է, որ Կիլիան Մբապեն կարող է կրկնել և անգամ գերազանցել Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները։
Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «արքայական ակումբը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Վալենսիայի» նկատմամբ, որտեղ գոլերից մեկը հեղինակել է Մբապեն։ Ֆրանսիացի հարձակվողն այժմ միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության ռմբարկուների աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 23 գոլ։ Նա մոտակա հետապնդողին գերազանցում է 8 գնդակով։
«Մեզ շատ է բախտ վիճակվել, քանի որ հենց այս պահին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և ապացուցում է դա ամեն օր՝ խաղից խաղ։ Ինչպես նախկինում նշել եմ, Կրիշտիանուի նվաճումները թվում էին անիրական, անգերազանցելի մի բան, որին ոչ ոք չի կարող հասնել։
Մբապեն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, քանի որ Կրիշտիանուն այստեղ հանդես է եկել երկար տարիներ, սակայն Կիլիանն ունի բոլոր նախադրյալները՝ նրա հետքերով գնալու համար։ Հայտնի չէ՝ կհաջողվի՞ արդյոք նրան գերազանցել պորտուգալացուն, բայց եթե կա մեկը, ով ի զորու է դա անել, ապա դա հենց Կիլիանն է», — Արբելոայի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Ռեալը» վաստակել է 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»։
























































