«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչի սպասելիքներով, որտեղ «Քաղաքաբնակները» մրցելու են «Արսենալի» հետ։
Կիսաեզրափակիչում «Նյուքասլին» հաղթելուց հետո (3:1) իսպանացի մասնագետը սարկազմով է պատասխանել հաջողության գրավականի մասին հարցին՝ հղում անելով նախախաղային մամուլի ասուլիսին, որտեղ նրան կրկին հարցրել էին ակումբի ծախսերի և տիտղոսների հարաբերակցության մասին։
«Այս ամենը մեր ծախսած գումարների պատճառով է, մենք դրա շնորհիվ ենք եզրափակիչում… Կատակը՝ մի կողմ, ես իսկապես ուրախ եմ։ Ես սա որպես սովորական երևույթ չեմ ընդունում, քանի որ գիտեմ, թե որքան դժվար է այն տրվում։ Ես պարզապես աղոթում եմ, որ ֆուտբոլիստներս լավ մարզավիճակում լինեն և կարողանան մրցակցել «Արսենալի» հետ»,- ասել է Գվարդիոլան։
Մարզիչը նաև առանձնահատուկ գնահատական է տվել մրցակցին.
««Արսենալի»՝ Եվրոպայի, գուցե նաև աշխարհի լավագույն թիմի դեմ խաղալը հաճույք է բազմաթիվ առումներով՝ վիճակագրություն, կայունություն և դետալներ, որոնք նրանք վերահսկում են։ Որքան շատ խաղանք նրանց դեմ, այնքան ավելի կկատարելագործվենք»,- կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։



























































