Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը հիասթափեցրել է միլանյան «Ինտերի» երկրպագուներին իր հոռետեսական կանխատեսմամբ։
«Ներաձուրիները» չկարողացան ուղիղ ուղեգիր նվաճել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ ընդհանուր մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։ Անցումային փուլում Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը ուժերը կչափի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» հետ։
«Ինտերը» կհաղթահարի անցումային փուլը և դուրս կգա 1/8 եզրափակիչ, սակայն այս մրցաշրջանում հաստատ չի նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը», — 2024 թվականին կարիերան ավարտած ֆուտբոլիստի խոսքերն են մեջբերում իտալական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ «Ինտեր» — «Բուդյո-Գլիմտ» դիմակայության հանդիպումները կայանալու են փետրվարի 18-ին և 24-ին։
Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի նախորդ խաղարկությունում Ա Սերիայի գրանդը հասել էր մինչև եզրափակիչ, որտեղ խոշոր՝ 0:5 հաշվով զիջել էր ֆրանսիական ՊՍԺ-ին։

























































