UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է բրիտանացի Փեդի Փիմբլեթի պարտությունը Ջասթին Գեյջիի դեմ մենամարտում։
Արիել Հելվանիի հետ զրույցում Ծառուկյանը նշել է, որ ապշած է մենամարտի ընթացքում Փիմբլեթի բաց թողած հարվածների քանակից և նրան խորհուրդ է տվել երկարատև դադար վերցնել։
«Սա ուղղակի խելագարություն է։ Այդ մենամարտից հետո նա պետք է 5-6 տարով դադար վերցնի։ Նա մոտ 15 անգամ ընկավ գետնին, իսկ դա շատ վնասակար է գլխուղեղի համար։ Նա նախկինում էլ առանձնապես խելքով չէր փայլում, իսկ հիմա, հնարավոր է, ընդհանրապես խելագարվի այս մարտից հետո»,- ասել է հայ մարտիկը։
Հիշեցնենք, որ UFC 324 մրցաշարի գլխավոր մենամարտում Փեդի Փիմբլեթը մրցավարների միաձայն որոշմամբ զիջեց ամերիկացի Ջասթին Գեյջիին՝ ձախողելով թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունը։ Բրիտանացու համար սա 4-րդ պարտությունն էր պրոֆեսիոնալ կարիերայում։
Ինչ վերաբերում է Արման Ծառուկյանին, ապա նա MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։




























































