«Ռեալի» ֆուտբոլիստ Ալվարո Կարերասը «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում պատասխանել է լրագրողների հարցերին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բենֆիկայի» դեմ կայանալիք հանդիպման նախօրեին։
Խաղի կարևորության մասին «Մենք գիտենք, որ սա շատ կարևոր հանդիպում է լինելու թե՛ նրանց, թե՛ մեզ համար։ Երկուսս էլ հաղթանակի կարիք ունենք։ Մթնոլորտը, անկասկած, հրաշալի է լինելու, բայց մենք այստեղ ենք 3 միավոր վաստակելու համար։ Պետք է խաղանք մեր խաղը, ինչպես արել ենք վերջին հանդիպումներում, և վստահ եմ՝ այդ կերպ կհասնենք ցանկալի արդյունքի»։
Արբելոայի մարտավարության մասին «Արբելոան հստակ գաղափար ունի՝ մենք պետք է լինենք այնպիսին, ինչպիսին կանք, պետք է վայելենք գնդակին տիրելը։ Բոլոր ֆուտբոլիստները մեծ տաղանդ ունեն։ Մենք պետք է միասին շարժվենք, միասնական լինենք նաև բարդ պահերին, երբ պաշտպանվելու ժամանակն է, և երբ առանց գնդակի այնքան էլ հարմարավետ չենք զգում։ Մենք պետք է հաճույք ստանանք խաղից ու գնդակից, պետք է խաղանք մեր ֆուտբոլը՝ գնդակը տեղաշարժելով եզրից եզր, քանի որ այդ դեպքում կհայտնվեն ազատ գոտիներ և խորություն»։
Թիմի տրամադրվածության փոփոխության մասին «Գիտեինք, որ «Վիլյառեալի» դեմ խաղը բարդ է լինելու, և պետք է ճնշում գործադրեինք հենց առաջին րոպեից։ Թեև առաջին խաղակեսն առանձնապես աչքի չընկավ, բայց երկրորդում մենք շատ լավ դուրս եկանք՝ կենտրոնացած ու միասնական, ինչի արդյունքում էլ արագ խփեցինք առաջին գոլը։ Մենք բոլորս նվիրված ենք, ցանկանում ենք առաջ շարժվել, նվաճել այս մրցաշրջանի մնացած բոլոր տիտղոսները և լավագույնը անել ակումբի ու թիմի համար»։
Նախկին թիմակիցների և «Բենֆիկայի» մասին «Ես շատերի հետ եմ խոսել։ Նրանցից շատերի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, կարող եմ ասել՝ ընկերներ ենք, որոնց ֆուտբոլն է ինձ տվել։ Ուրախ եմ, որ Մանուն վերադարձել է վնասվածքից հետո, և որ իմ ընկեր Պրեստիանին ու մյուսները շատ խաղաժամանակ են ստանում։ Հույս ունեմ վաղը տեսնել նրանց, բայց խաղից հետո ավելի հանգիստ կզրուցենք, քան խաղադաշտում։
Ես նրանց ամենայն բարիք եմ մաղթում։ Շատ չի անցել իմ հեռանալուց, և ես դեռ շատ ջերմ հարաբերություններ ունեմ խաղացողների ու ղեկավարության հետ։ «Բենֆիկան» Պորտուգալիայի լավագույն և շատ պահանջկոտ ակումբն է։ Նախորդ տարիներին մենք նույնպես դժվարություններ ենք ունեցել։ Վստահ եմ՝ նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի»։
«Ռեալում» արագ հարմարվելու և դերակատարության մասին «Ի վերջո, դու գալիս ես նոր վայր՝ երիտասարդ խաղացողի ուրախությամբ ու ոգևորությամբ, ով հնարավորություն է ստացել խաղալ աշխարհի լավագույն ակումբում։ Ես եկել եմ ամեն ինչ տալու, ինչպես ասել եմ առաջին օրվանից։ Նման վստահությամբ և այսպիսի խաղացողների կողքին խաղալը շատ հեշտ է։ Բառեր չունեմ նկարագրելու իմ վիճակը, քանի որ երազանք է ամեն օր այս տաղանդավոր տղաների կողքին լինելը։ Դու շատ բան ես սովորում, և նրանք շատ բան են սովորեցնում։ Ես վստահ էի, որ ունեմ համապատասխան մակարդակ՝ Մադրիդ գալու, մեծ խաղաժամանակ ստանալու և այս մարզաշապիկը պատվով կրելու համար»։
Ճնշման և քննադատությունների մասին «Ես զգում եմ, որ կարող եմ խաղալ Իսպանիայի և աշխարհի մեծագույն ակումբում, բայց ես խաղացել եմ նաև Պորտուգալիայի լավագույն թիմում։ Ճնշումն ամենօրյա երևույթ է, բայց ես սիրում եմ այն և ինձ լավ եմ զգում։ Չգիտեմ՝ արդյոք այն «սպանում է», բայց դու պետք է ունենաս այդ ճնշումը, այլապես չէիր լինի այն ակումբը, որին բոլոր երկրպագուները հետևում են դրսից»։
«Բենֆիկայից» սպասելիքների մասին «Ես Չեմպիոնների լիգայի հիանալի երեկոներ եմ ունեցել «Դա Լուշում»։ Գիտեմ, որ նրանք դուրս են գալու առավելագույնը անելու, քանի որ հաղթանակի կարիք ունեն։ Նրանք բարդ իրավիճակում են, բայց պայքարելու են հաղթանակի համար։ Հուսով եմ՝ լավ երեկո կլինի երկու թիմերի համար էլ, և մենք լավ խաղ կցուցադրենք»։
Մարզավիճակի մասին «Մենք կարող ենք մոտենալ խաղին շատ լավ պահի՝ «Վիլյառեալի» նկատմամբ կարևոր հաղթանակից հետո։ Բայց եթե վաղը ինչ-որ վատ բան պատահի, դա կրկին կդիտվի որպես «Ռեալի» վատագույն պահ։ Վաղը մենք պետք է դուրս գանք դաշտ, հաղթենք, լավ խաղանք, իսկ հետո վերադառնանք Լա Լիգա, որտեղ հանգստյան օրերին կարևոր տնային հանդիպում ունենք»։
Մոուրինյուի հետ աշխատելու հեռանկարի մասին «Կցանկանայի, քանի որ նա լեգենդար մարզիչ է, աշխատել է շատ թիմերում և ֆուտբոլից շատ բան է հասկանում։ Բայց ես շատ լավ էի աշխատում նաև Բրունո Լաժեի և Շմիդտի հետ։ Հիմա ես շատ գոհ եմ Արբելոայից, շատ երջանիկ եմ այստեղ, իսկ Մոուրինյուին մաղթում եմ ամենայն բարիք»։
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բենֆիկայի» միջև հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 28-ին, Երևանի ժամանակով 02։00-ին։
























































