Մադրիդի «Ռեալի» երկրպագուները Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ տնային հանդիպման ընթացքում (2-0) իրենց դժգոհությունն են արտահայտել ակումբի ղեկավարության դեմ։
Ինչպես հաղորդում է The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հավաքված երկրպագուները վանկարկել են «Ֆլորենտինո, հեռացի՛ր»՝ պահանջելով ակումբի նախագահի հրաժարականը։
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «արքայական» ակումբը ղեկավարում է 2009 թվականից (նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2000-2006 թվականներին)։
Երկրպագուների զայրույթը պայմանավորված է թիմի վերջին անհաջող ելույթներով։ Մասնավորապես, հունվարի 14-ին «սերուցքայինները» դուրս են մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ 1/8 եզրափակիչում 2-3 հաշվով զիջելով «Ալբասետեին»։ Դրանից օրեր առաջ՝ հունվարի 11-ին, մադրիդյան թիմը պարտություն էր կրել նաև Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում՝ 2-3 հաշվով զիջելով «Բարսելոնային»։
Ներկայումս, Լա լիգայի 20 տուրերից հետո, Մադրիդի «Ռեալը» վաստակել է 45 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

























































