Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Ալվարո Արբելոայի նորամուտը ձախողվեց. թիմը Իսպանիայի գավաթի խաղարկությունում սենսացիոն պարտություն կրեց «Ալբասետեից» (2-3) և դուրս մնաց հետագա պայքարից։
El Chiringuito-ն հայտնում է, որ խաղից հետո «Ռեալ Մադրիդի» հանդերձարանում տիրող մթնոլորտը նման էր հուղարկավորության։ Խաղացողները ոչինչ չէին ասում, պարզապես նայում էին առաստաղին։
Իրավիճակին միջամտել է թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան։ Նա դիմել է ֆուտբոլիստներին՝ կոչ անելով հավաքվել և ուշքի գալ։ Արբելոան ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել՝ նշելով.
«Այս ձախողման միակ մեղավորը ես եմ, այլ ոչ թե դուք»։
Շաբաթ՝ հունվարի 17-ին, «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում տնային հանդիպում կանցկացնի «Լևանտեի» դեմ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։























































