«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կոշտ արձագանք է տվել Մադրիդի «Ռեալից» Խաբի Ալոնսոյի հեռացման լուրին։ Գերմանացի մասնագետը տարակուսանք է հայտնել մադրիդյան ակումբի կայացրած որոշման վերաբերյալ։
Կլոպը շեշտել է, որ Ալոնսոյի պես մասնագետի արագ պաշտոնանկությունը խոսում է ակումբի ներքին խնդիրների մասին։
«Եթե Խաբի Ալոնսոն, որն ավելի քան երկու տարի «Բայերում» ցուցադրում էր մարզչական բացառիկ տաղանդ, ստիպված է վեց ամիս անց հեռանալ «Ռեալից», դա վկայում է այն մասին, որ այդ ակումբում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում», — հայտարարել է գերմանացին։
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալը» գլխավորում էր 2025 թվականի ամառվանից, սակայն նրան փոխարինեց Ալվարո Արբելոան։
Ֆուտբոլային կուլիսներում ակտիվորեն քննարկվում է այն վարկածը, որ հաջորդ մրցաշրջանում հենց Կլոպը կարող է գլխավորել «արքայական» ակումբը։ Սակայն ինքը՝ մասնագետը, հերքում է այդ խոսակցությունների ազդեցությունը իր ծրագրերի վրա։
«Դա ինձ հետ ոչ մի առնչություն չունի և ոչ մի հույզ չի առաջացրել։ Մարզչական շուկան անընդհատ փոփոխվում է, և սարսափելի ոչինչ չկա այդ ամենին կողքից հետևելու մեջ։ Ես չեմ մտածում, թե դա ինչ կարող է նշանակել անձամբ ինձ համար, քանի որ այնտեղ, որտեղ հիմա գտնվում եմ, ես իմ տեղում եմ», — Կլոպի խոսքերն է մեջբերում 90min-ը։
Նշենք, որ Յուրգեն Կլոպը ներկայումս զբաղեցնում է «Ռեդ Բուլ» համակարգի ֆուտբոլային գործառնությունների ղեկավարի պաշտոնը։





















































