«Բարսելոնայի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Մարկուս Սորգը նշել է, որ իր թիմը շատ սխալներ է թույլ տվել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղում:
Հանդիպումը կայացել է կիրակի օրը Մադրիդում և ավարտվել 2:1 հաշվով «սպիտակների» հաղթանակով: Այդ խաղը «Բարսելոնան» գլխավորել է Սորգը, քանի որ հիմնական մարզիչ Հանսի Ֆլիկը որակազրկված էր:
«Մենք շատ սխալներ թույլ տվեցինք՝ ավելի շատ, քան սովորաբար: Մեզ մոտ մեծ էներգիա կար, որպեսզի ավելի շատ պահեր ստեղծեինք: Փորձեցինք փոխել մարտավարությունը: Պետք էր ինչ-որ բան փորձել, բայց արդյունքում դա չաշխատեց: Փորձեցինք ամեն ինչ, սակայն չկարողացանք հասնել արդյունքի», – Սորգի խոսքերը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Մարզիչը նաև գնահատել է թիմի վինգեր Լամին Յամալի խաղը.
«Լամինի համար հեշտ խաղ չէր: Նա շատ խիստ պահպանվում էր հակառակորդի պաշտպանների կողմից: Մենք արեցինք ամեն ինչ, ինչ կարող էինք, բայց երբեմն պաշտպանությունը իր գործը լավ է անում: Պետք է հասկանանք նաև, որ նա վերականգնվում է վնասվածքից հետո և ընդամենը 18 տարեկան է», – ավելացրել է Սորգը:
«Ռեալը» 27 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը, իսկ «Բարսելոնան» 22 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը:
























































