Կատալոնական «Բարսելոնան» հայտարարություն է տարածել Իսպանիայի առաջնության («Լա Լիգա») 17-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ արտագնա խաղի չեղարկման վերաբերյալ, որը նախատեսված էր անցկացնել ԱՄՆ-ի Մայամի քաղաքում։
Լա Լիգան հրաժարվեց խաղը Միացյալ Նահանգներ տեղափոխելու գաղափարից, քանի որ իսպանացի ֆուտբոլիստների կողմից բողոքներ կային։ Այսպիսով, հանդիպումը կանցկացվի «Վիլյառեալի» մարզադաշտում՝ նախատեսված սովորական ռեժիմով։
«Բարսելոնայի» պաշտոնական հայտարարությունը․
«Ֆուտբոլային ակումբ «Բարսելոնան» հարգում և ընդունում է «Լա Լիգայի» 17-րդ տուրի շրջանակներում Մայամիում «Վիլյառեալի» դեմ խաղը չեղարկելու որոշումը, ճիշտ այնպես, ինչպես հարգում էր ի սկզբանե ընդունված որոշումը։
Մենք ցավում ենք, որ բաց ենք թողնում մրցաշարի իմիջը ռազմավարական կարևոր շուկայում բարելավելու հնարավորությունը, որը օգուտ կբերեր բոլորիս։
Ակումբը գնահատում է Միացյալ Նահանգներում մեր երկրպագուների աջակցությունը և խորապես ցավում է, որ նրանք չեն կարողանա դիտել պաշտոնական խաղը»։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Ֆուտբոլիստների Ասոցիացիան (AFE) դեմ էր հանդես եկել խաղը ԱՄՆ տեղափոխելու որոշմանը և բողոքի ակցիա էր կազմակերպել Պրիմերայի 9-րդ տուրի խաղերի ժամանակ, երբ ֆուտբոլիստները մեկնարկային սուլիչից հետո կարճ ժամանակով անշարժ կանգնած էին դաշտում։





















































