Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE), Լա լիգայի թիմերի ավագների աջակցությամբ, իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ մրցաշարի 9-րդ տուրի բոլոր խաղերի առաջին 15 վայրկյանների ընթացքում ֆուտբոլիստները որևէ գործողություն չեն կատարի՝ ի նշան բողոքի ԱՄՆ-ում կայանալիք «Բարսելոնա» – «Վիլյառեալ» հանդիպման դեմ։
«Միությունը որոշեց նախաձեռնությանը չներգրավել «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» խաղացողներին՝ այն ակումբներին, որոնք նախագծին մասնակցելու թեկնածուներ են, չնայած այն հանգամանքին, որ նրանք կիսում են մեր հիմնական դիրքորոշումը և քննադատական մոտեցումները, որպեսզի բողոքի ակցիան չմեկնաբանվի որպես որևէ ակումբի դեմ ուղղված միջոցառում։
Լա լիգայի կողմից անընդհատ բացասական և անհամապատասխան առաջարկների հետ բախվելով՝ AFE-ն կտրականապես մերժում է մի նախագիծ, որը չի արժանացել մեր սպորտի հիմնական խաղացողների հավանությանը, և պահանջում է, որ լիգան բանակցային սեղան ստեղծի, որտեղ կփոխանակվի տեղեկատվություն, կվերլուծվեն նախագծի բացառիկ բնութագրերը, հաշվի կառնվեն ֆուտբոլիստների կարիքներն ու մտահոգությունները, կերաշխավորվի նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և կապահովվի գործող կանոնակարգերի պահպանումը», – ասվում է հայտարարության մեջ։
Բողոքի ակցիան մեկնարկել է երեկ՝ հոկտեմբերի 17-ին կայացած Լա լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում, որտեղ «Էսպանյոլը» 2:0 հաշվով հաղթել է «Ռեալ Օվիեդոյին»։ Նշվում է, որ Լա լիգան չի ցուցադրել բողոքի ակցիան ուղիղ եթերում։
























































