Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի ներկայացուցիչների հետ՝ «արքայական» ակումբ տեղափոխվելու հնարավորությունը գնահատելու համար, հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» կարող են ամռանը հսկայական գումարներ ստանալ, քանի որ թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին 250 միլիոն եվրոյով վաճառելու հնարավորություն կա։ «Ռեալը» կարող է այս գործարքից ստացված գումարը օգտագործել նորվեգացի գոլահարի ձեռքբերման համար։
Ընդգծվում է, որ «քաղաքայինները» չեն ցանկանում վաճառել 25-ամյա հարձակվողին, որի պայմանագրի ժամկետը մանչեսթերյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։ Այնուամենայնիվ, «Ռեալում» մտադիր չեն հրաժարվել Հալանդին գնելու մտքից։
Նորվեգացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս ընթացքում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 155 խաղի, խփել է 136 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Հալանդի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։

























































