Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգոն խոսել է ակումբում ունեցած իր կարգավիճակի մասին։ Բրազիլացին վճռական է տրամադրված շարունակել խաղալ մադրիդյան թիմի կազմում՝ մինչև նրան դռան տեղը ցույց չտան։
«Ես միշտ ասել եմ՝ քանի դեռ ակումբը ցանկանում է տեսնել ինձ իր կազմում, ես կլինեմ այստեղ։ Եթե ակումբից երբևէ ասեն՝ “Ռոդրիգո, գտիր քեզ համար նոր թիմ”, ես կասեմ՝ “լավ”։ Բայց դա դեռ տեղի չի ունեցել։ Ակումբը միշտ ասել է, որ հույսը դնում է ինձ վրա և աջակցում է, երբ ես խնդիրներ ունեմ։ Մարդիկ ենթադրություններ են անում, որովհետև ես լռում եմ։ Բայց ես կենտրոնացած եմ “Ռեալին” առավելագույնը տալու վրա», – ասել է Ռոդրիգոն AS-ի հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
























































