«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի և թիմի աստղային հարձակվող Լամին Յամալի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Այս մասին հայտնում է El Larguero-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը սեպտեմբերին վնասվածքի շուրջ ծագած կոնֆլիկտն է։ Ֆլիկը բացահայտ քննադատել է Իսպանիայի հավաքականի բժիշկներին՝ խաղացողի առողջական վիճակը սխալ գնահատելու համար՝ «ավելի շատ հիմնվելով Յամալի խոսքերի վրա»։ Սա դժգոհություն է առաջացրել ակումբի ներսում։
Ազգային հավաքականից վերադառնալուց հետո Յամալը բաց թողեց «Բարսելոնայի» չորս խաղ, իսկ վերջերս ստացավ ևս մեկ վնասվածք։ Աղբյուրները նշում են, որ միջադեպից հետո մարզիչ-խաղացող հարաբերություններում առկա սառնությունը նույնպես ազդել է Լամինի վրա։
Նշվում է, որ Յամալի շրջապատը խիստ վրդովված է Ֆլիկի կողմից նրա հասցեին հնչած քննադատություններից և կարծում է, որ այս ամենը կարող է բացասաբար ազդել երիտասարդ աստղի արդյունավետության և խաղային մոտիվացիայի վրա։



























































