Հայաստանի դեմ Իռլանդիայի հերթական նվաստացուցիչ պարտությունը խոր հիասթափություն և ամոթի զգացում է առաջացրել կիսապաշտպան Ջոշ Քալենի մոտ: Այս մասին գրում է Irish Examiner-ը։
«Քալենը մասնակցել էր նաև Լյուքսեմբուրգի և Ադրբեջանի դեմ ամոթալի պարտություններին, սակայն Հայաստանի դեմ 2:1 հաշվով պարտությունը, հատկապես իր բնույթով, նրա համար ամենացավոտն էր: Նա երեք տարի առաջ նույնպես մեկնարկային կազմում էր Երևանում կայացած 0:1 հաշվով պարտության ժամանակ: Այս անգամ Երևանը կրկին դարձավ նրա համար դաժան վայր»,- գրում է իռլանդական պարբերականը։
Իռլանդիայի՝ հաջորդ ամռանը Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու հույսերը վերականգնելու համար անհրաժեշտ է բացառիկ շրջադարձ վերջին չորս ընտրական խաղերում:
«Բեռնլիի» ֆուտբոլիստը, ով չկարողացավ կրկնել Պրեմիեր լիգայում ցուցադրած խաղը, խոստովանել է.
«Ամաչում եմ, զայրացած եմ և հիասթափված։ Այս վիճակը չափազանց երկար է շարունակվում: Ինձ համար ամոթալի է ամեն անգամ դուրս գալ և նույն բաներն ասել: Ես զայրացած եմ, հիասթափված: Մենք պետք է վերանայենք մեր խաղը և առաջ շարժվենք։
Հնարավոր է՝ դա կապված է նրա հետ, որ միջնամասում ընդամենը երկու խաղացողով էինք խաղում, կամ էլ խաղի այլ ասպեկտների հետ, որոնք պետք է վերլուծենք։
Իհարկե, հանդերձարանում խոսակցություններ եղել են: Ես չեմ պատրաստվում բացահայտել, թե ինչ է ասվել: Հանդերձարանը մասնավոր տարածք է, որտեղ խաղացողները պետք է ազատ արտահայտվեն՝ առանց վախենալու, որ դա կհայտնվի մամուլում: Բայց մենք խոսել ենք, և կան ոլորտներ, որոնք պետք է բարելավենք: Դա մենք գիտենք»




























































