«Չելսիի» պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն կարող է բաց թողնել բրազիլական «Պալմեյրասի» դեմ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչը՝ իր հայրենակից Դիոգու Ժոտայի մահվան պատճառով։ Այս մասին հայտարարել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։
Երեկ՝ հուլիսի 3-ին, հայտարարվեց, որ «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Ժոտան և Նետուն ժամանակին միասին խաղացել են «Վուլվերհեմփթոնում»։ «Պալմեյրաս» – «Չելսի» հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին, Երևանի ժամանակով 05։00-ին, Ֆիլադելֆիայում։
«Ինձ համար դժվար է բառեր գտնել, շատ դժվար է։ Նման իրավիճակում դու անօգնական ես զգում։ Պեդրուն շատ անհանգստացած է, բայց մենք նրա հետ ենք՝ այս պահին նրան աջակցելու համար։
«Պալմեյրասի» դեմ խաղալու որոշումը միանձնյա կկայացնի Նետուն։ Նրա կայացրած ցանկացած որոշում ճիշտ կլինի, և մենք ամեն դեպքում կաջակցենք նրան»,- նշել է Մարեսկան «Չելսիի» պաշտոնական կայքին տված մեկնաբանությունում։
Դիոգու Ժոտան 28 տարեկան էր։ Նա Անգլիայի չեմպիոն էր և Ազգերի լիգայի կրկնակի գավաթակիր։ Ժոտան կհուղարկավորվի հուլիսի 5-ին՝ Պորտուգալիայում։