Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի դեմ 2024/2025 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում կրած պարտությունը (0:2):
«Կարծում եմ՝ մեր թիմն այսօր ավելի շատ նման էր իրեն, քան չորեքշաբթի օրը։ Գնդակի տիրապետման, հակագրոհի, պրեսինգի հարցում։ Կարծում եմ՝ այսօր խաղի առումով ամեն ինչ լավ էր։ Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք, բայց չմոռանանք, որ սա ֆուտբոլ է։ Այստեղ գլխավորը գոլերն են, և մենք այսօր շատ գոլային պահեր չիրացրինք։
Եթե դուք ստեղծում եք նման լավ հնարավորություններ, ինչպես այսօր արեցինք առաջին խաղակեսում, ապա սովորաբար առաջ եք անցնում։ Եվ ոչ մեկ գոլի առավելությամբ։ Կարծում եմ՝ մենք կարող էինք առաջին խաղակեսում խփել երեք կամ չորս գոլ։ Նմանատիպ զգացողություններ ունեցանք նաև Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հետ խաղից հետո», — Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը հունիսի 4-ին՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ փուլում, 1:2 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։