Միլանի «Ինտերը» վերջնական որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ։ Ակումբում վստահ են, որ մասնագետը պետք է շարունակի ղեկավարել թիմը նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո, որտեղ «ներաձուրրիները» մրցելու են ՊՍԺ-ի հետ։
Այնուամենայնիվ, մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» վճռական է տրամադրված՝ Ինձագիին թիմ հրավիրելու հարցում։ Ակնկալվում է, որ առաջարկը կկայանա ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ «Ինտերը» մշակել է հստակ ծրագիր՝ Ինձագիին պահելու համար։ Ակումբի ղեկավարությունը պատրաստվում է 49-ամյա մարզչին առաջարկել պայմանագիր մինչև 2027 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։ Պայմանագրով նախատեսվում է տարեկան 7–8 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաև՝ խոշոր բոնուսներ։
Բացի այդ, Ինձագիին կհատկացվի շուրջ 40 միլիոն եվրոյի բյուջե՝ նոր հարձակվողի ձեռքբերման համար՝ առաջիկա ամռանը։ Հավելենք, որ Ինձագիի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։