Գերմանական «Յան Ռեգենսբուրգը», որտեղ հանդես գալիս Սարգիս Ադամյանը, երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղում հյուրընկալվելիս մրցել է «Դարմշտադի» հետ և 1։3 հաշվով պարտություն է կրել։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի թիմը մրցաշրջանն ավարտել է վերջին՝ 18-րդ տեղում և դուրս մնացել երկրորդ Բունդեսլիգայից։
«Դարմշտադի» դեմ խաղն Ադամյանը սկսել է պահեստայինների նստարանից և փոխարինման է մտել միայն 73-րդ րոպեին։
Երկրորդ Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանում Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» կազմում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Քյոլնին»։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով ճանաչվեց երկրորդ Բունդեսլիգայի չեմպիոն և ապահովեց իր տեղը Բունդեսլիգայում։
«Յան Ռեգենսբուրգը» 34 խաղից հետո 25 միավորով եզրափակեց աղյուսակը։