«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին տպավորված է Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնայի» խաղով։
«Մեսսին դեռևս հետևում է «Բարսայի» բոլոր խաղերին և ուրախանում է թիմի հաջողություններով Ֆլիկի ղեկավարությամբ։ Մի քանի օր առաջ Լեոն ասաց ինձ, որ շատ է զարմացած և հպարտ, քանի որ թիմը վերականգնել է իր ինքնությունը», – Սուարեսի խոսքերն է մեջբերում լրագրող Միգել Բլասկեսը սոցիալական ցանցերում։
60-ամյա Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է 2024 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ թիմը 2025 թվականին նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը։ Բացի այդ, «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 34 խաղից հետո վաստակելով 79 միավոր։