«Լիվերպուլը» նիդեռլանդցի մարզիչ Առնե Սլոթի գլխավորությամբ իր առաջին մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում մերսիսայդցիները հաղթեցին «Տոտենհեմին» (5:1), ինչը թույլ տվեց նրանց ժամանակից շուտ նվաճել առաջնության ոսկե մեդալները։
Սլոթն անցած ամառ է փոխարինել գերմանացի Յուրգեն Կլոպին, որը նախկինում թիմի հետ աշխատել էր ինը տարի։ Հիշենք, որ Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» միայն մեկ անգամ է դարձել Անգլիայի չեմպիոն։ Սա տեղի է ունեցել մարզչի՝ թիմում աշխատելու հինգերորդ տարում՝ 2019/2020 մրցաշրջանում։
Ընդհանուր առմամբ, «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 34 խաղում վաստակել է 82 միավոր։ «Արսենալը» նույնքան խաղերից հետո 67 միավորով երկրորդ տեղում է։