Շվեյցարիայի դատախազությունը պահանջել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին դատապարտել 1 տարի 8 ամիս պայմանական ազատազրկման՝ ֆինանսական խարդախությունների գործով: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Դատական գործընթացը կապված է 2 մլն շվեյցարական ֆրանկի (մոտ 2 մլն եվրո) անօրինական փոխանցման հետ, որը Պլատինին ստացել է 1998-2002 թվականներին Բլատերի կողմից՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց: 2015 թվականին ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն Բլատերին և Պլատինիին 8 տարով արգելել է ֆուտբոլային գործունեությունից, սակայն հետագայում Բլատերի պատիժը կրճատվել է մինչև 6 տարի, իսկ Պլատինիինը՝ մինչև 4 տարի:
Այժմ 88-ամյա Բլատերին և 69-ամյա Պլատինիին սպառնում է 20 ամսվա պայմանական ազատազրկում՝ 2 տարի փորձաշրջանով: Վճիռը կհայտարարվի մարտի 25-ին: