«Քրիսթալ Փելասի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը սարսափելի վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի 1/8 եզրափակչի՝ «Միլուոլի» դեմ խաղում (3:1): Դրվագներից մեկում մրցակցի դարպասապահը դուրս էր եկել տուգանային հրապարակից՝ ընդհատելու փոխանցումը։ Նա ցատկել ու ոտքով հարվածել էր գնդակին, սակայն հաջորդ պահին սարսափելի հարված էր հասցրել Մատետայի գլխին։ Դարպասապահը կարմիր քարտ էր ստացել, իսկ հարձակվողի համար թթվածնի դիմակ էր պահանջվել։ Նրան պատգարակով դուրս էին բերել խաղադաշտից, ինչից հետո խաղացողին շտապ օգնության մեքենայով հասցրել էին հիվանդանոց։ Հաղորդվում է, որ Մատետային ականջի 25 կար են դրել, որից հետո բժիշկները որոշել են նրան դուրս գրել հիվանդանոցից:
«Առաջիկա օրերին նա կհանգստանա և կվերականգնվի, և մեր ակումբի բժիշկը կհետևի նրա վիճակին։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մարզադաշտի և հիվանդանոցի բժշկական անձնակազմին խնամքի և պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաև այն բոլոր բարեմաղթանքների և աջակցության համար, որոնք ստացել են ֆուտբոլիստն ու ակումբը», — ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:
Ընթացիկ մրցաշրջանում Մատետան բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։