Պատերազմը շարունակվում է. իսպանական ակումբները պահանջում են, որ «Ռեալը» պատժվի մրցավարների վրա ճնշում գործադրելու համար, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբների մեծամասնությունը, Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան և Լա Լիգան պատիժ են պահանջել Մադրիդի «Ռեալի» համար։
Օրեր առաջ մադրիդյան ակումբը նամակներ էր ուղարկել այդ կառույցներին, որտեղ իրենց վրդովմունքն էր հայտնում մրցավարության նկատմամբ և կասկածի տակ դնում մրցավարների ազնվությունը։ «Սերուցքայինների» ճամբարում կարծում են, որ մրցավարներն արշավ են մղում մադրիդյան գրանդի դեմ։
Հինգշաբթի՝ փետրվրի 6-ին տեղի ունեցավ ակումբների և ֆեդերացիայի հանդիպում։ Մասնակիցների մեծամասնությունը պաշտպանել է «Ռեալին» պատժելու գաղափարը։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։
««Ռեալը» ոչ միայն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում այլ ակումբների և մրցավարների նկատմամբ, այլ նաև ցույց է տալիս, որ չի ցանկանում ազնիվ թիմ լինել»,- ասել է հանդիպմանը ներկա աղբյուրը։
Հանդիպմանը «Ռեալից» ներկայացուցիչներ չկային, թեև ակումբն ի սկզբանե հաստատել էր իր մասնակցությունը։ Հարկ է նշել, որ Մադրիդի «Ռեալն» իր ակումբային հեռուստատեսությամբ պարբերաբար քննարկում է մրցավարական որոշումները։
Բանը հասնում է նրան, որ մադրիդյան թիմը ցուցադրում է այն մրցավարների սխալների տեսագրությունները, որոնք նշանակվել են թիմի հաջորդ հանդիպմանը: Այս կերպ «սերուցքայինները» փորձում են ճնշում գործադրել մրցավարների վրա։