Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության ընդդիմադիր խմբերը կոչ են արել ակումբի նախագահ Ժոան Լապորտային և նրա տնօրենների խորհրդին անհապաղ հրաժարական տալ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել են ակումբի հետ կապված 10 խմբեր, հարթակներ և ասոցիացիաներ։
Այս պահանջի առաջամարտիկներն են նախագահի թեկնածուներ Վիկտոր Ֆոնտն ու Ժոան Կամպրուբին, ովքեր ղեկավարում են Si al Futur և Some un clam կազմակերպությունները։ Եթե Լապորտան մերժի նրանց պահանջը, ընդդիմությունը կարող է առաջ քաշել նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց։
Այս որոշման հիմնական պատճառներից են ակումբի կիսապաշտպան Դանիել Օլմոյի և հարձակվող Պաու Վիկտորի գրանցման ձախողումը, ինչպես նաև Nike-ի հետ պայմանագրի երկարաձգման գործընթացի դժվարությունները։