Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 18-րդ տուրում «Կրասնոդարը» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Լոկոմոտիվին» և գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը:
Խաղի վերջին վայրկաններին տեխնիկական գոտուց հեռացվել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը:
«Կրասնոդարի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, որը, սակայն, փոխարինվել է 66-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը տանտերերի կազմում էր, և այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
«Լոկոմոտիվի» կազմում էլ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը՝ խաղադաշտ դուրս գալով 80-րդ րոպեին: Մոսկովյան թիմի կազմում հանդիպմանը հայտավորված էր նաև Էդգար Սևիկյանը, որը, սակայն, խաղաժամանակ չստացավ:
Անցկացրած 18 հանդիպումների արդյունքներով «Կրասնոդարը» գլխավորում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 39 միավոր։ Նույնքան խաղերից հետո «Լոկոմոտիվը» 5-րդ տեղում է՝ վաստակելով 35 միավոր։