Աբու Դաբիում Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ մասնակցում է միջազգային մրցաշարի: Մարզիչը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է մրցաշարում անցկացրած առաջին խաղի և թիմի կազմի մասին, փոխանցում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
«Աբու Դաբիի մրցաշարին մասնակցում ենք փորձնական թիմով, որի կազմում ընդգրկված են մի շարք երիտասարդ խաղացողներ։ Սա նրանց համար ավելի բարձր մակարդակով փորձ ձեռք բերելու զգալի հնարավորություն է։ «Ալ Շարժա»-ի հետ կայացած հանդիպումը բավականին բարդ ստացվեց: Նրանք համարվում են այս մրցաշարի ֆավորիտը: Այնուամենայնիվ, քանի որ մեր թիմը շատ ժամանակ չի ունեցել միասին մարզվելու, հատկապես ամբողջական կազմով, դա հանգեցրեց մրցակցի հետ խաղում որոշ պաշտպանական սխալների:
Անմասն չենք նաև վնասվածքներից: Ալբերտ Թադևոսյանը՝ մեր առանցքային խաղացողը, մեջքի հատվածում վնասվածք ունի, որի պատճառով քիչ ժամանակ անցկացրեց խաղադաշտում։ Պատրաստվում ենք ԱՄԷ-ի հավաքականի հետ մեր հաջորդ հանդիպմանը, սա ևս մեկ հիանալի հնարավորություն է մեզ համար: Այդ խաղից առաջ մեր առաջնահերթությունն է պաշտպանության բարելավումը։ Նախորդ խաղում հարձակման գոտում բավականին լավ տեսք ունեինք, եթե պաշտպանության գոտում էլ լավ գործենք կարծում եմ՝ առաջիկա խաղում կհաջողենք: Լինելով մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ՝ իմ հիմնական ուշադրությունը առավել շատ կենտրոնացած է թիմի երիտասարդ խաղացողների ձեռք բերած փորձի վրա, որը նշանակալից կլինի հաջորդ տարի Երևանում կայանալիք B դիվիզիոնի առաջնությանը նախապատրաստվելիս»,- ասել է Գեորգի Ղազանչյանը:
Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում երեկ ուժերը չափել է «Ալ Շարժա» ակումբի հետ: Հանդիպումն ավարտել է Հայաստանի հավաքականի պարտությամբ՝ 82:100 հաշվով։ Օգոստոսի 28-ին մեր թիմը կհանդիպի Արաբական Միացյալ Էմիրություններ հավաքականի հետ։