Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը գնահատել է իր թիմի հնարավորությունները 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։
«Արդեն հինգ-վեց տարի մենք կայուն խաղ ենք ցուցադրում։ Կարծում եմ՝ մենք վերջին հինգ տարիներին եղել ենք աշխարհի լավագույն հնգյակում, քանի որ հետևողականորեն լավ արդյունքներ ենք գրանցել։ Հիմա մենք փլեյ-օֆֆում մեծ հանդիպումների փորձ ունենք, ինչը մեզ շատ է օգնում։
Բացի այդ, մեր խաղացողներն ակումբային մակարդակում հաղթելու լավ փորձ են ձեռք բերել, ուստի մենք այն թիմերից ենք, որոնք անկեղծորեն հավատում են, որ կարող են հաղթել ցանկացածին: Շատ հաճախ թիմերը վստահեցնում են, որ գնում են հաղթելու, բայց ոչնչով դա չեն ամրապնդում:
Մեր խոսքերը գործով հաստատվեցին, մեզ ընդամենը մեկ հարված բաժանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումից, ուստի գիտենք, որ ամեն ինչ հնարավոր է։ Սա մի տեսակ հոգեբանական բեկում է։ Այժմ մենք պետք է մեկ քայլ առաջ գնանք»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եվրոպայի վերջին առաջնությունում Անգլիայի հավաքականը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջեց Իտալիայի ընտրանուն (1:1, 11 մ.՝ 2։3): ԱԱ-2018-ում Սաութգեյթի թիմը գրավեց չորրորդ տեղը՝ երրորդ տեղի համար խաղում պարտվելով Բելգիային (0:2): Քաթարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնությունում անգլիացիները քառորդ եզրափակչում դուրս մնացին Ֆրանսիայի հավաքականից (1:2):
























































