«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ամփոփել է «Չելսիի» 2023/2024 մրցաշրջանի արդյունքները։
«Վերջին հինգ հանդիպումներում մենք ավելի համախմբված ենք եղել, քան մրցաշրջանի սկզբում։ Տիագո Սիլվան ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպաններից է։ Իսկական լեգենդ: Մենք ունենք երիտասարդ, ոգեշնչող թիմ: Եթե մենք շարունակենք քրտնաջան աշխատել, կարծում եմ, որ մեզ մեծ հաջողոթյուններ են սպասվում»,- Պալմերի խոսքն է մեջբերել BBC-ն։
38 տուրից հետո «Չելսին» 63 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր լիգայում։ Անգլիայի չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Սիթին» (91 միավոր)։
Պալմերը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին «Մանչեսթեր Սիթիից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 55 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 48 հանդիպում, դարձել 27 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։