«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստն իսկապես Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակն է։ Արքայական ակումբում բարձր են գնահատում «Լիվերպուլի» պաշտպանի ունակությունները և նրան դիտարկում են որպես Դանիել Կարվախալին երկարաժամկետ փոխարինող։
Սակայն այս պահին կողմերի միջև բանակցություններ չկան։ Հաստատվել է միայն մադրիդյան ակումբի լուրջ հետաքրքրությունը։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր-Առնոլդն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Լիվերպուլի» կազմում: Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, իսկ տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 70 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։
























































