Սաուդյան Արաբիայի հավաքականի երեք խաղացողներ Սալման Ալ-Ֆարաջը, Խալիդ Ալ-Ղանամը և Նավաֆ Ալ-Աքիդին հրաժարվել են խաղալ Ռոբերտո Մանչինիի գլխավորած ազգային թիմում։
«Նրանք են որոշել չխաղալ ազգային հավաքականում, ոչ թե ես: Ալ-Ֆարաջն ինձ ասաց, որ չի ցանկանում ընկերական խաղեր խաղալ, իսկ Ալ-Ղանամը չի սիրում խաղալ ազգային հավաքականում։ Իսկ Ալ-Աքիդին (նա ընդգրկված էր Ասիայի գավաթի հայտացուցակում) դարպասապահների մարզչին ասաց, որ եթե մեկնարկային կազմում չլինի, չի ցանկանա մնալ։
Ալ-Ղանամը և Ալ-Աքիդիին խնդրել են խաղալ մեկնարկային կազմում, բայց ես մարզիչն եմ և որոշումներ կայացնողը: Հետաքրքրվեցինք՝ ցանկանու՞մ եք խաղալ ազգային հավաքականում, պատասխանը եղավ՝ «Ոչ»:
Ես հասկանում եմ փորձառու խաղացողների՝ մեկնարկային կազմում լինելու ցանկությունը, բայց չեմ հասկանում, թե ինչու երիտասարդ խաղացողը հրաժարվում է միանալ ազգային թիմին, քանի դեռ մեկնարկային տեղը երաշխավորված չէ: Ես ցանկանում եմ ընդգրկել խաղացողներին, ովքեր ցանկանում են ներկայացնել իրենց երկիրը, և ես չեմ ցանկանում վերադառնալ այս խաղացողների գործի մասին խոսակցությանը»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Marca-ն։