Մադրիդի «Ռեալի» ապագա ֆուտբոլիստ Էնդրիկն ասել է, որ արդեն բախվել է ռասիզմի խնդրին, ինչպես նաև նշել է դրա դեմ պայքարի լավագույն միջոցը։
«Ես նախկինում տառապել եմ ռասիզմից, բայց դա ինձ չի հետաքրքրում. ծիծաղելու եմ նրանց դեմքին: Ես պայքարում եմ Վինիսիուսի, Ռոդրիգոյի և բոլոր նրանց հետ, ովքեր բախվել են ռասիզմի։ Ինչ ուզում եք ինձ ասեն, թքած ունեմ, ու կարծում եմ, որ դա նրանց ավելի կբարկացնի։ Սա ռասիզմի դեմ պայքարի լավագույն միջոցն է»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 17-ամյա բրազիլացին արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն «Ռեալ» կտեղափոխվի միայն 2024 թվականի ամռանը, քանի որ դեռ 18 տարեկան չէ։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ Էնդրիկի տեղափոխությունը «Ռեալ» մադրիդյան ակումբի համար արժեցել է 37,5 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Էնդրիկը բոլոր պաշտոնական մրցաշարերում իր թիմի կազմում մասնակցել է 53 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 45 մլն եվրո։
























































