«Լացիոյի» և Չեռնոգորիայի հավաքականի պաշտպան Ադամ Մարուշիչի գործակալ Ուրոշ Յանկովիչը խոսել է Սերբիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի ընտրական խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին։ Յանկովիչը պատմել է, որ մի խումբ զինված մարդիկ հարձակվել են իր և Մարուշիչի վրա, երբ նրանք դուրս են եկել ռեստորանից։
«Նրանք ատրճանակով հարվածում էին իմ քունքին, իսկ Զվեզդան Թերզիչի որդիներն ատրճանակներով խելագարված հարվածում էին գլխիս և մարմնիս կենսական մասերին։ Այտոսկրս ու ձախ ոտքս կոտրվել էին։ Ինձ տեղափոխեցին կլինիկական կենտրոն, որտեղ վիրահատվեցի։
Մեզ շրջապատել էին մի քանի մեքենաներ։ Վարորդս փորձել է հեռանալ դեպքի վայրից, բայց հետո հակառակ կողմից ընթացող մեքենան բախվել է նրան։ Ես նույնիսկ չհասցրի մեքենա նստել, երբ թիկունքից հարձակվեցին: Ինչ-որ պահի ես կորցրի գիտակցությունս, և նրանք շարունակեցին ծեծել ինձ…
Տեսանկարահանումներից պարզ երևում է, որ Թերզիչներն ինձ ատրճանակներով ծեծում էին։ Պարզ է նաև, որ Կոստադին Թերզիչը ատրճանակ էր ուղղում Մարուշիչի գլխին և կրծքին, որպեսզի թույլ չտա, որ նա օգնի ինձ, մինչ նրանք դաժանաբար ծեծում էին ինձ։ Նրա մորը՝ վաթսունամյա կնոջը, հրել են ու վիրավորել»,- Յանկովիչի խոսքերն է մեջբերում Vijesti-ն։
Կարմիր աստղի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչի որդիները՝ Նիկսան և Կոստադինը, ձերբակալվել են հարձակման համար։
Հոկտեմբերի 17-ին ավարտվեց Եվրո-2024-ի ընտրական փուլի G խմբի 8-րդ տուրի Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականների հանդիպումը։ Հանդիպումը կայացել է Բելգրադի Ռայկո Միտիչ մարզադաշտում։ Սերբիան հաղթեց 3։1 հաշվով։
























































