Երկուշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, «Տոտենհեմը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ (2:0) Անգլիայի առաջնության 9-րդ տուրում։ Այսպիսով, Անգելոս Պոստեկոգլուի գլխավորած թիմը ինը խաղից հետո վաստակել է 23 միավոր։ Սա «Տոտենհեմի»՝ մրցաշրջանի լավագույն մեկնարկն է 1960 թվականից ի վեր, երբ թիմը հաղթել էր Պրեմիեր լիգայի իր առաջին 9 հանդիպումներից 9-ում և այնուհետև՝ նաև մրցաշարում:
Այս պահին «Տոտենհեմը» միանձնյա գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին» և «Արսենալին»:
Հիշեցնենք, որ ավստրալացի մասնագետ Անգելոս Պոստեկոգլուն անցած ամառ է գլխավորել «Տոտենհեմը»։ Նախկինում Պոստեկոգլուն աշխատել է Ավստրալիայի ազգային հավաքականի, ինչպես նաև այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Բրիսբեն Ռոարը», «Մելբուրն Վիկտորին», «Յոկոհամա Ֆ. Մարինոսը» և «Սելթիկը»։