«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կատակել է «Մոնցայի» կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսի հասցեին, որը երկու տարով որակազրկվել է դոպինգի համար։ Ինքը՝ 35-ամյա արգենտինացին, պատմել է, որ երեխաներից մեկից հազի սիրոպն է ընդունել, սակայն բժիշկների հետ չի խորհրդակցել։
Անցած շաբաթ Գոմեսը, խոսելով Մոուրինյուի մասին, ասել էր, որ պորտուգալացի մասնագետի հետ կապված իր միակ հիշողությունը «Սևիլիայի» հաղթանակն էր Եվրոպայի լիգայի եզրափակչում Մոուրինյուի գլխավորած «Ռոմայի» նկատմամբ։
Մոուրինյոն Գոմեսի խոսքերին պատասխանել է՝ ծաղրելով ֆուտբոլիստի որակազրկումը։
«Գոմեսը չի խաղացել Եվրոպայի լիգայի եզրափակչում, բայց կարծում եմ, որ նա խաղացել է «Յուվենտուսի» դեմ՝ մինչ դոպինգ թեստի դրական պատասխանը։
Բայց ես չէի ընդունի նույն հազի սիրոպը, ինչ նա, այլապես կարող եմ խնդիրներ ունենալ»,- ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսի ժամանակ։
























































