Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կայացել է Անգլիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը, որտեղ հանդիպել են «Ասթոն Վիլան» ու «Վեսթ Հեմ Յունայթեդը»։ Թիմերը խաղացել են Բիրմինգեմի «Վիլլա Պարկում»: Հանդիպումն ավարտվել է «Ասթոն Վիլայի»՝ 4։1 հաշվով ջախջախիչ հաղթանակով։
Առաջին խաղակեսում՝ 30-րդ րոպեին, տանտերերի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը բացել է հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով «Ասթոն Վիլային»։ Երկրորդ խաղակեսում՝ 51-րդ րոպեին, 11-մետրանոց է նշանակվել «Վեսթ Հեմի» դարպասին։ Դուգլաս Լուիսը վստահ է իրացրել 11 մետրանոցը՝ կրկնապատկելով տանտերերի առավելությունը։ 5 րոպե անց 56-րդ րոպեին, Ջարոդ Բոուենը մեկ գնդակ ետ է բերել։ 74-րդ րոպեին, սակայն, Օլի Ուոթկինսը կրկին երկու գոլի է հասցրել «Ասթոն Վիլայի» առավելությունը։ Հանդիպման վերջնամասում՝ 89-րդ րոպեին, Լեոն Բեյլին հաշիվը դարձրել է խոշոր` ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը՝ 4:1։
Այս հանդիպումից հետո «Ասթոն Վիլան» բարձրացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնական՝ 9 հանդիպումից վաստակելով 19 միավոր։ «Վեսթ Հեմը» 9-րդ տեղում է՝ 9 խաղից հետո 14 միավորով:
























































