Մադրիդի «Ռեալը» մտադիր է հայտարարել կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու մասին այն բանից հետո, երբ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ապաքինվի կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգմանը նվիրված միջոցառումը պետք է կայանար անցյալ շաբաթ, սակայն Պերեսի հիվանդության պատճառով հետաձգվել է։ Ընդգծվում է, որ Վինիսիուսի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ նոր պայմանագրով Վինիսիուսի համար հրաժարագնի չափը պետք է կազմի 1 մլրդ եվրո։
23-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 232 հանդիպման, որոնցում դարձել է 62 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։
























































