«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է Ա Սերիայի «Ֆիորենտինայի» հետ խաղում կրած պարտությունը (1:3):
«Դառնություն, հիասթափություն ենք զգում, սա տգեղ արդյունք է։ Խնդիրն այն է, որ մենք սխալներ թույլ տվեցինք ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման ժամանակ:
Ընդմիջման գնացինք ոչ-ոքի հաշվով։ Օսիմհենի խփած 11-մետրանոցը պետք է խաղը վերսկսելու խթան հաղորդեր մեզ: Հիանալի հնարավորություն կար հաշիվը դարձնելու 2:1:
Երրորդ գոլը բաց թողեցինք, քանի որ չափից շատ առաջ էինք նետվում՝ փորձելով հավասարեցնել հաշիվը։ Բայց շատ վատ է, որ մենք բավականաչափ ագրեսիվ չխաղացինք պաշտպանությունում։ Երբ տանը պարտվում ես և միայն չորս անգամ ես կանոնները խախտում, դա նորմալ չէ:
Չեմ կարծում, որ «Նապոլիի» խնդիրները կապված են տակտիկայի հետ․ մենթալիտետի հարց է։ Մենք պետք է ավելի լավ աշխատանք կատարենք՝ կասեցնելով հակառակորդների գրոհները՝ նախքան դրանց վտանգավոր դառնալը: Մենք պետք է ավելի շատ աշխատենք դրա վրա, ավելի ագրեսիվ խաղանք, մրցակիցների գրոհների սկզբո՛ւմ ավելի խելացի վարվենք, և ոչ ա՛յն ժամանակ, երբ նրանք արդեն մեր դարպասի մոտ են»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում TMW Radio-ն:
























































