Միլանը սկսել է վաճառել Օլիվյե Ժիրուի անունով դարպասապահի մարզաշապիկներ։
Հիշեցնենք, որ «Միլանի» 37-ամյա հարձակվողը զբաղեցրել է դարպասապահի տեղը այն բանից հետո, երբ Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Ջենոայի» հետ խաղի վերջնամասում (1:0) հեռացվել է Մայք Մաինյանը: Ժիրուն կարողացել է փրկել թիմին մեկ դրվագում՝ շտապելով ջենովացի խաղացողի մոտ և հարվածից մի ակնթարթ առաջ ձեռքով գնդակը մի կողմ նետելով:
Այժմ երկրպագուները կարող են ձեռք բերել դարպասապահի մարզաշապիկ ակումբի պաշտոնական խանութից, որի վրա տպված կլինի Ժիրուի անունն ու համարը: Այսպիսով, ակումբը որոշել է ցույց տալ հարձակվողի ձեռքբերումը «Ջենոայի» հետ խաղում։
Ավելի վաղ «Միլանը» և Ֆրանսիայի հավաքականն իրենց պաշտոնական կայքերում կատակով Ժիրուին ավելացրել էին դարպասապահների ցուցակում։
























































