Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
30-ամյա իսպանացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի` հոլանդական «Ֆեյենորդի» հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել։ E խմբի մրցակիցները խաղացել են Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում: «Ատլետիկոն» հաղթել է 3։2 հաշվով։
Երկու խաղից հետո իսպանացիներն ունեն չորս միավոր։ Թիմը E խմբում զբաղեցնում է առաջին տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Լացիոյից»։
Հավակնորդների ցուցակում էին հայտնվել նաև Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը և «Բրագայի» կիսապաշտպան Արմինդո Բրուման։ Խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումներում բոլոր խաղացողներն աչքի էին ընկել արդյունավետ գործողություններով:
























































