«Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը հրաժարվել է 11-մետրանոցից: Հարձակվողն այս որոշումը կայացրել է կոնֆլիկտից հետո, որը ծագել է ակումբի մամուլի ծառայության կողմից սոցցանցերում տեսանյութ հրապարակելու պատճառով, որտեղ ծաղրում են ֆուտբոլիստի սխալը սեպտեմբերի վերջին «Բոլոնյայի» հետ խաղում: Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես Օսիմհենի, այնպես էլ նրա կողմնակիցների շրջանում, ինչը ի վերջո հանգեցրել է «Նապոլիի» աշխատակիցներից մեկի հեռացմանը, որը պատասխանատու է սոցիալական ցանցերում ակումբը գովազդելու համար: Ֆուտբոլիստն ու նրա գործակալը մտադիր են եղել դատի տալ ակումբին, սակայն հետագայում հրաժարվել են այս մտքից։
Միաժամանակ Օսիմհենը որոշել է այլևս 11-մետրանոցներ չիրացնել։ Միջադեպից հետո «Նապոլին» երեք հանդիպում է անցկացրել և յուրաքանչյուրում 11-մետրանոցի իրավունք վաստակել, սակայն նիգերիացին այդպես էլ չի մոտեցել իրացնելու։
Ըստ իտալական լրատվամիջոցների՝ Օսիմհենը միտումնավոր որոշել է հրաժարվել 11-մետրանոցից՝ ցույց տալով իր դժգոհությունը ակումբի նկատմամբ։























































