Մադրիդի «Ռեալը» երկու տարի առաջ հնարավորություն է ունեցել ձեռք բերելու բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուին։ Մադրիդյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խորհուրդ է տվել իր նախկին ակումբին ուշադրություն դարձնել «Ռենի» տաղանդավոր խաղացողին, սակայն բանակցություններն անհաջող ընթացք են ունեցել, հայտնում է Defensa Central-ը։
Զիդանը, լքելով մարզչի պաշտոնը, լավ հարաբերություններ է պահպանել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և պարբերաբար խորհուրդներ է տալիս ակումբին այն ֆուտբոլիստների վերաբերյալ, որոնք իրենց լավ են դրսևորել Ֆրանսիայում։ Դոկուն այդպիսի խաղացողներից մեկն է։
«Ռեալի» ղեկավարությունը հետևել է Զիդանի խորհդրին և բելգիացի վինգերի տրանսֆերի վերաբերյալ հարցում է ուղարկել: Սակայն բանակցությունները սկզբնական փուլում ձախողվել են, քանի որ ֆրանսիական ակումբի պահանջած գումարը ձեռք չի տվել «Ռեալին»։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Դոկուն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Լրատվամիջոցները հայտնում են, որ «Սիթին» 21-ամյա ֆուտբոլիստի համար «Ռենին» վճարել է 60 միլիոն եվրո։ Բելգիայի հավաքականի խաղացողը մինչ այժմ Անգլիայի առաջնության երկու հանդիպման է մասնակցել և դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































