Ամերիկյան «Նյու Ինգլենդ Ռեվոլուշնի» խաղացողները բաց են թողել այս շաբաթվա իրենց մարզումները՝ թիմի գլխավոր մարզիչ Բրյուս Արենայի հեռանալու հետ կապված անհասկանալի հանգամանքների պատճառով, ESPN-ին հայտնել են աղբյուրները:
Մասնագետը հրաժարական տվեց անցյալ շաբաթ Proskauer Rose իրավաբանական ընկերության վեցշաբաթյա հետաքննության արդյունքում: Հետաքննությունն իրականացվել է MLS-ի պատվերով՝ Արենայի դեմ ուղղված մեղադրանքների պատճառով, առ այն, որ նա «անզգայուն և անպատշաճ արտահայտություններ է արել»:
Լիգայի հայտարարության համաձայն, որը հրապարակվել է Արենայի հեռանալուց առաջ, հետաքննությունը հիմնավորել է որոշ մեղադրանքներ, և որ եթե մարզիչը ցանկանա նորից աշխատել MLS-ում, պետք է միջնորդություն ներկայացնի լիգայի հանձնակատար Դոն Գարբերին:
Արենան ի սկզբանե ուղարկվել է վարչական արձակուրդի, իսկ նրա օգնական Ռիչի Ուիլյամսը ժամանակավոր հիմունքներով ղեկավարել է թիմը: Նա ասել է, որ մարզումները բաց թողնելու որոշումը թիմային է կայացվել՝ խաղացողների և մարզիչների կողմից: Այնուամենայնիվ, ըստ The Athletic-ի, Ուիլյամսի կողմից ներկայացված բողոքները Արենայի հետաքննության մաս են կազմում: ESPN-ի աղբյուրները հայտնել են, որ թիմի հանդիպման ժամանակ խաղացողները խնդրել են Ուիլյամսին պարզաբանել գործընթացին իր մասնակցության չափը: Ակումբի ղեկավարությունն ու մարզիչը նշել են, որ չեն կարող պատասխանել այս հարցին։ Ֆուտբոլիստները բացասաբար են արձագանքել թափանցիկության բացակայությանը և անորոշությանը, և որոշել են բոյկոտել մարզումները:
Հետագայում Ուիլյամսին գլխավոր մարզչի դերում փոխարինել է «Նյու Ինգլենդի» երկրորդ թիմի մարզիչ Քլինթ Փեյը, որը սկսել է գլխավորել առաջին թիմի մարզումները իր օգնական Մարսելո Սանտոսի հետ միասին։
Ակումբը նաև հայտարարել է Արենայի օգնականներ Դեյվ վան դեն Բերգից և Շալրի Ջոզեֆից բաժանվելու մասին։ ESPN-ի աղբյուրները հայտնել են, որ թիմում պառակտում է առաջացել, և երկու մասնագետներն էլ աջակցել են իրենց պաշտոնաթող գործընկերոջը:
«Նյու Ինգլենդը» MLS-ի Արևելյան կոնֆերենցիայում երկրորդն է՝ 27 հանդիպումից հետո վաստակած 48 միավորով։
























































