Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան մոտ է «Ռեալ Սոսյեդադ» վերադառնալուն։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստը ներառված չէ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պլաններում։ Մադրիդցիները դեմ չեն իրենց խաղացողին բաց թողնել Լա լիգայի մեկ այլ թիմ, սակայն ցանկանում են որոշակի գումար ստանալ Օդրիոսոլայի համար: Եթե պաշտպանը տեղափոխվի «Ռեալ Սոսյեդադ», ապա երեք տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։
2022/2023 մրցաշրջանում Օդրիոսոլան «Ռեալի» կազմում վեց հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
























































