«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն որոշել է չտեղափոխվել Սաուդյան Արաբիա՝ չնայած նրան, որ ստացել է գերշահավետ առաջարկ, հայտնում է Relevo-ն։
Իսկ Diario AS-ի տեղեկություններով՝ ճապոնացու տրանսֆերի համար առաջարկվել է 60 մլն եվրո (ըստ աղբյուրի՝ խոսքն «Ալ-Հիլալի» մասին է)։ Այս գումարի կեսը կարող էր ստանալ կիսապաշտպանի նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալը», որը պետք է ստանա տրանսֆերի հետագա վերավաճառքի գումարի 50%-ը։
Նշվում է, որ Կուբոյին 4 տարվա պայմանագիր են առաջարկել, ըստ որի ֆուտբոլիստը կարող է ստանալ 160 միլիոն եվրո` տարեկան 40 մլն եվրո։ Սակայն երիտասարդ կիսապաշտպանը մերժել է նման առաջարկը:
22-ամյա ճապոնացին նախատեսում է շարունակել ելույթները Սան Սեբաստիանի ակումբում, որը Չեմպիոնների լիգայի ուղեգիր է ստացել։
2022/23 մրցաշրջանում Կուբոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































