Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայան այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին։
Մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։
«Վաղվա հանդիպումը շատ լավ հնարավորություն կլինի փորձարկելու մեր ուժերը։ Վաղվա խաղում շատ ֆուտբոլիստեր կփորձարկենք, որոնք չէին մասնակցել Շոտլանդիայի հետ խաղին։ Չենք ուզում տակտիկական առումով շատ բան փոխել վաղվա խաղում։ Շատ ժամանակ չենք ունեցել հավաքականում տակտիկական մտահղացումներ փորձարկել։
Ազգային հավաքականի մակարդակով հեշտ հանդիպումներ չեն լինում։ Պետք է շատ աշխատենք՝ հաջողության հասնելու համար։
Դիտել ենք Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը։ Հայաստանի հավաքականը ուներ այդ խաղում շատ հնարավորություններ։ Հայաստանի հավաքականի շատ ֆուտբոլիստներ խաղում են եվրոպական առաջնություններում։ Ունեք խաղացողներ, որոնք հանդես են գալիս Կիպրոսում, նրանց լավ գիտենք։ Հայաստանի հավաքականը բավականին լավ թիմ է»,- ասել է Կիպրոսի հավաքականի մարզիչը։