«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են ծնողներն արձագանքել մարզական քաղաքացիությունը փոխելու և Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշմանը։
– Քո հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Ծնողներդ աջակցե՞լ են քո որոշմանը:
– Իմ ողջ կարիերայի ընթացքում ծնողներս աջակցում են ինձ՝ անկախ իմ որոշումից: Երբ ես խաղում էի Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, այն ժամանակ հայրս նույնպես աջակցում էր ինձ։
Նա ինձ ասաց. «Տղա՛ս, դու իրավունք ունես որոշումներ կայացնելու, քեզ ամեն դեպքում կհասկանան։ Եթե ընտրես Ռուսաստանի հավաքականը, ես քեզ կհասկանամ։ Դու ծնվել ես Սանկտ Պետերբուրգում, սովորել ռուսական դպրոցում, այս երկրում ես աշխատավարձ ստանում, իսկ քո տղան այստեղ է ծնվել, այնպես որ հարց չկա։ Եթե ընտրես Հայաստանի հավաքականը, ես էլի շատ ուրախ կլինեմ, քանի որ այն քո երկրորդ հայրենիքն է և իմ հայրենիքը՝ նույնպես։ Ես այնտեղ եմ ծնվել, արմատներս այնտեղից են»։
Մայրս նույնն էր ասում։ Միայն թե նա քիչ է գլուխ հանում ֆուտբոլից։ Նա ինձ միշտ ասում էր. «Դու խելացի տղա ես և իրավունք ունես ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Արա այնպես, ինչպես հարմար ես գտնում: Սա քո կարիերան է, և միայն դու կարող ես որոշել»,- ասել է Տիկնիզյանը։